«Պրեմիերա 3»-ը կմեկնարկի մարտի 6-ից. Մանրամասներ է հայտնում նախագծի ռեժիսորը (ֆոտո)

04 մարտ 2016 12:49

«Պրեմիերա 3»-ը կմեկնարկի մարտի 6-ից. Մանրամասներ է հայտնում նախագծի ռեժիսորը (ֆոտո)

«Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա 3» նախագծը կմեկնարկի մարտի 6-ից. Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց նախագծի ռեժիսոր Աննա Թադեւոսյանը:

««Պրեմիերա» նախագծի այս եթերաշրջանի առանձնահատկությունը նրանում է, որ մենք այս անգամ նախ ժյուրիների մասնակցությամբ լսումների փուլ ենք ունեցել, քանի որ նախկինում ժյուրիները միայն ձայնագրությամբ էին ընտրում մասնակցող երգերը: Լսումների փուլում հեղինակներն իրենց երգերը ներկայացրել են բեմում, այդ փուլը վեց օր տեւեց, որից հետո ընտրվել են վեց երգեր, որոնք էլ արդեն պետք է մրցեն միմյանց հետ: Մենք եթերը կսկսենք հենց այդ լսումների փուլով՝ հեռուստադիտողի աչքի առաջ կբացահայտենք մեր հեղինակենրին»,- նշեց ռեժիսորն ու նշեց այս եթերաշրջանի եւս մեկ առավելություն.

«Այս եթերաշրջանի առանձնահատկությունը նաեւ այն է, որ բացի էստրադային ժանրի երգերից ընդգրկված են նաեւ ժողովրդկան երգեր, այսինքն՝ վերջում վեց երգից երեքը կլինեն էստրադային, փոփ ոճի երգեր, երեք՝ ժողովրդական երգեր»,- ավելացրեց նա:

Աննա Թադեւոսյանի խոսքերով՝ «Պրեմիերա 3»-ում պրոդյուսերների կազմում եւս փոփոխություններ են տեղի ունցել. «Նախորդ եթերաշրջանում նախագծի պրոդյուսերներն էին Անդրեն եւ Գիսանե Պալյանը, իսկ այս անգամ պրոդյուսինգով կզբաղվեն Գարիկ Պապոյանն ու Գիսանե Պալյանը: Նրանցից յուրաքանչյուրը կաշխատի երեք մասնակիցների հետ»,- նշեց նա:

«Պրեմիերա 3» նախագծի ժյուրիի անդամներն են Գարիկ Պապոյանը, Գիսանե Պալյանը, Շուշանիկ Արեւշատյանը եւ Արսեն Սաֆարյանը, իսկ կիսաեզրափակչից նրանց կմիանան նաեւ նախագծի գործընկերներ «Հանրային ռադիո»-ի, «Ռադիո Վանի» եւ «Դար 21»-ի ներկայացուցիչները:

Մասնակից երգիչների կազմն, Աննա Թադեւոսյանի խոսքերով, ընտրվել է ըստ երգերի ժանրերի. «Մեր մասնակիցներն են «X Factor 3» նախագծի եզրափակիչ դուրս եկած  Ժաննա Դավթյանն ու Հայկ Հունանյանը, «Սուպեր սթար 2»-ից Նարե Գեւորգյանը, երգիչ ու երգահան Նիկ Եգիբյանը եւ «Ժողովրդական երգիչ» նախագծից հայտնի Հայկուհի Բաբախանյանն ու Եվա Թաշչյանը: Նրանք այս անգամ արդեն խորհրդատուների հետ կլսեն մասնակից վեց երգերը եւ կընտրեն իրենց համար ամենասիրելին, որը կպաշտպանեն նախագծի ընթացքում: Ընդ որում նշեմ, որ երգերի ընտրության հարցում մեր երգիչները այս անգամ կարող են լսել թե պրոդյուսերների, թե իրենց խորհրդատուների կարծիքները»,- նախագծի մանրամասներից խոսելիս՝ նշեց ռեժիսորը:

«Պրեմիերա 3» հաղթողին հնարավորություն կտրվի «Շանթ» Հ/Կ-ի միջոցներով տեսահոլովակ նկարահանել. «Նախ շեշտեմ, որ մեր բոլոր մասնակիցները հաղթողներ են, որովհետեւ նրանք արդեն իրենց պատրաստի երգն են ունենալու: Բացի այս՝ հաղթողին «Շանթ» Հ/Կ-ն տեսահոլովակ նկարահանելու հնարավորթուն կընձեռի, որն էլ պարբերաբար կհեռարձակվի «Դար 21» Հ/Կ-ով, «Հանրային ռադիոյով» ու  «Ռադիո Վանով»: Միաժամանակ նշեմ, որ մեր գործընկերները՝ ի դեմս «Դար 21»-ի, «Հանրային ռադիոյի» ու  «Ռադիո Վանի» եւս իրենց հաղթողները կունենան եւ նրանց էլ մեծ հնարավորություններ կտրվի: Նրանք եւս քվեարկություն կհայտարարեն ու կընտրեն իրենց հաղթողին»,- նշեց ռեժիսորը:

Այս նախագիծը հարթակ է  անհայտ հեղինակների համար. «Մենք այս տարիների ընթացքում բացահայտել ենք հեղինակների, որոնք արդեն հայտնի են դարձել: Օրինակ Լիանա Թորոսյանն ու Սերգեյ Սարգսյանն արդեն հասցրել են հաջողություններ գրանցել եւ աչքի ընկնել հայկական երգարվեստում: Միաժամանակ՝ պետք է նշեմ, որ մեզ արդեն դիմում են հայտնի հեղինակներ, ինչը եւս մեծ դրական միտում է»,- նկատեց ռեժիսորը:

Ի դեպ, Աննա Թադեւոսյանը նշեց, որ ուրախալի փաստ ունեն. ««Պրեմիերա» նախագծի առաջին եւ երկրորդ եթերաշրջաններից հետո մի հաճելի փաստ գրանցեցինք՝ մենք արդեն ունենք միաջազգային գրանցում, այսինքն «Պրեմիերան» «Շանթ» Հ/Կ-ի հեղինակային ձեւաչափն է, որը կարող են գնել աշխարհի յուրաքանչյուր երկրից»,- հավելեց նախագծի ռեժիսորը:

 

http://life.panorama.am/




ՀԱՂՈՐԴԱՎԱՐ
Գրիգոր Աղախանյան

Ծնվել  է 1968թ. , ք. Սոչիում  /ՌԴ/:
Սովորել է Չեխովի անվան  միջն. դպրոցում:
Ավարտել  է Սայաթ-Նովա  երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը:
1985թ. ընդունվել  է Պետական Բժշկական ինստիտուտի "Ստոմատոլոգիական" բաժինը:
1986-88թթ. ծառայել է բանակում:
1992թ. ավարտել է բժշկական ինստիտուտը:
1988թ.-ից խաղացել է մի շարք  ներկայացումներում "Մետրո" թատրոնի հիմնադիրներից  է:
1992թ.- ից Երգի պետական  թատրոնի  մեներգիչ:
1998թ.-ից  զբաղվում է սոլո գործունեությամբ, որպես երգիչ:
1990թ.-ից` հումորային նախագծերի հեղինակ, հումորիստ-դերասան, պրոֆեսիոնալ շոումեն:
2000թ.- Գործունեությունը  ծավալել է ԱՄՆ-ում, որպես դերասան, հումորիստ և երգիչ, վարել է հեռուստատեսային տարբեր շոուներ:

ԺՅՈՒՐԻ
Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ
 
Ծնվել է 1984թ.-ի սեպտեմբերի 20-ին Գյումրիում: 
2001թ.-ին ավարտել է Երևանի թիվ 196 միջնակարգ դպրոցը: 
2010 թ.-ին ավարտել է Երևանի հայ-ռուսական
(Սլավոնական) պետական համալսարանի զբոսաշրջության
և գովազդի ֆակուլտետը:
2007-10թթ. եղել է "32 ատամ ակումբ" հումորային նախագծի
 անդամ` որպես սցենարիստ և դերասան: 
2009-10թթ. եղել է "Արմենիա" հեռուստաընկերությամբ
 հեռարձակվող "3 պատ" իմպրովիզացիոն շոու-ծրագրի
համահեղինակը և վարողը:
2009-10թթ. "Դար 21" հեռուստաընկերությունում հեղինակել
և վարել է "Ալո Գարիկ" երաժշտական ծրագիրը:
2010թ.-ին նկարահանվել է "Մեր բակը" հումորային
հեռուստասերիալում:
2010թ.-ից աշխատում է "Վիտամին" պրոդյուսերական
կենտրոնում, որտեղ մինչ 2015թ.-ը եղել է "Վիտամին ակումբ"
հումորային շոուի վարողը, դերասան և սցենարիստ:
Եղել է նաև "Հարց չկա" շոու-ծրագրի հեղինակը, համասցենարիստն
ու վարողը, "Իքս ֆակտոր" երաժշտական նախագծի ժյուրիի անդամ, 
"Հայ Սուպերսթար" նախագծի երաժշտական պրոդյուսեր և ժյուրիի անդամ:
2009թ.-ին թողարկել է իր առաջին "Inquam" ձայնասկավառակը: 
2011թ.-ին ստեղծել է "Ռոք-սերունդ" շարժում-գաղափարախոսությունը:
 
Բազմաթիվ երգերի, երգերի գործիքավորումների և խոսքերի, ինչպես նաև
"Վիտամին ակումբ" շոու-ծրագրի երգի հեղինակն է:  
2012 թ.-ին եղել է "Շանթ" հեռուստաընկերության "Կանխիկ հումոր"
հեռուստանախագծի ժյուրիի անդամ: 
2013թ.-ին գրել է ռուսական “Что творят мужчины” ֆիլմի երաժշտությունը:  
2014թ.-ին նրա հեղինակած "Not Alone" երգը Արամ Mp3-ի կատարմամբ
ներկայացվել է "Եվրատեսի" երգի միջազգային մրցույթում և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը: 
 
Նկարահանվել է "Սուպեր մամա" (2014 թ.),"Սիրո գործակից" (2015թ.) ֆիլմերում: 
Այժմ "Շանթ" հեռուստաընկերության եթերում Ռոբերտ Մարտիրոսյանի հետ վարում է "Կասկածելի  
երեկո" հումորային շոուն:
Շուշանիկ Արևշատյան

«Ռադիո Վան» ռադիոկայանի հիմնադիր և «Ռուսկոյե Ռադիո» ռադիոկայանի տնօրեն:
 
Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի շրջանավարտ, Ա.Ս.Պուշկինի անվ. ռուսերեն լեզվի ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտ,
ունի MBA կարգ (Մոսկվայի բիզնես դպրոց), բազմաթիվ երաժշտական նախագծերի (Ոսկե Քնար, VMA) հեղինակ, բազմաթիվ երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ:
Գիսանե Պալյան

Ծնվել է 1973թ. դեկտեմբերի 12-ին Երևանում:
 
1980-1988թթ. սովորել է Չկալովի անվ. Թիվ 30 դպրոցում:
1988-1992 թթ. սովորել և գերազանց ավարտել է Ռ. Մելիքյանի անվ. Եր. Ուսումնարանի
դաշնամուրային ֆակուլտետը:
1992-1997 թթ. Սովորել ու ավարտել է Կոմիտասի անվ. Եր. Պետ. Կոնսերվատորիայի
դաշնամուրային բաժինը:
1992-1995 թթ. ուսումնասիրել է ակադեմիական ու ժամանակակից վոկալ՝ պրոֆ. Ե.
Վարդանյանի, Ռ. Հակոբյանցի դասարաններում, ինչպես նաև երգչախմբավարություն:
1999 թ.-ից միացել է EMPYRAY ռոք խմբին, որպես կոմպոզիտոր ու խոսքերի հեղինակ,
ստեղնահար: Խմբի համար գրած շատ երգեր արժանացել են տարբեր մրցանակների:
 
Բազմաթիվ ճանաչված երգերի ու սաունդտրեկների հեղինակ է: 
Մինչ օրս ստեղծագործում է հայկական և արտասահմանյան երգիչների համար: 
Աշխատել է ՇԱՆԹ Հ/Ը "Սուպերսթար", "X-Factor", "Դուետ", "Պրեմիերա" նախագծերում՝
որպես երաժշտական պրոդյուսեր:
 
Արսեն Սաֆարյան

Ծնվել է 1977թ.-ի ապրիլի 12-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում: 
 
1980թ. ընտանիքով տեղափոխվել են Հրազդան քաղաք:
16 տարեկան հասակում եղբոր` Արթուր Սաֆարյանի օգնությամբ սկսել է նվագել կիթառ
և կատարել  տարբեր ժանրերի երգեր: 
 
1995թ.-ին հանդես է եկել Կոնսերվատորիային կից "Ամադեուս" երաժշտական կենտրոնում` որպես մեներգիչ:  
1996թ.-ին մասնակցել է Երգի պետական թատրոնում անցկացվող "Այո" երգի մրցույթին: 
Մինչև 2000թ. միաժամանակ սովորել և աշխատել է Երգի պետական թատրոնում,
այնուհետև անցել է անհատական գործունեության:    
 
2003թ. – Լույս տեսավ առաջին ձայներիզը, որը կոչվում է "Եկար անցար":
2006թ. փետրվարի 10-ին լույս տեսավ երկրորդ ձայներիզը, որը կոչվում է «Կյանքից ավելի»:
2006 թ. ապրիլի 3 և 4-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցան առաջին շոու –մենահամերգները` կենդանի հնչողությամբ:
2006 թ.-ին ԼՂՀ անկախության 15-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակում ԼՂՀ կառավարության հետ համատեղ կազմակերպվել են երգչի մենահամերգները ողջ հանրապետության տարածքում: 
2002 թ.-ից Արսեն Սաֆարյանը մենահամերգներով հանդես է գալիս ինչպես արտասահմանում, այնպես էլ Հայաստանում: 
2006թ. աշնանը լույս տեսավ «Այսօր, այստեղ» առաջին շոու- մենահամերգի DVD տարբերակը:
2013 թ.-ին լույս է տեսել «Սիրո աղոթք» ձայնասկավառակը:
2013 թ.-ի Երևանի մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի ունեցավ երգչի հերթական մենահամերգը, որն ուղեկցվում էր կենդանի նվագակցությամբ և պարային շքեղ շոուով:
 
2013-ի մենահամերգից հետո Արսեն Սաֆարյանը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, ՌԴ-ում և Իրանի Իսլամական Հանրապետությունում:
Տարբեր տարիների նա ճանաչվել է լավագույն երգիչ, արժանացել մրցանակների, նրա երգերը դարձել են տարբեր մրցույթների հաղթող, ունեցել է բազմաթիվ բարեգործական համերգներ, տեղական ու արտասահմանյան համերգային շրջագայություններ: